Երևանի կենդանաբանական այգում լայնածավալ ստուգումներ կանցկացվեն. ո՞վ է առաջարկի հեղինակը

Երևանի քաղաքապետարանը ստուգումները կսկսի հաջորդ շաբաթվանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հաշվի առնելով Երևանի կենդանաբանական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները` հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ստուգումներում տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները:

«Ստուգումներ անցկացնելու առաջարկն արել է տնօրենը` Ռուբեն Խաչատրյանը։ Նա է դիմել քաղաքապետարան, որպեսզի վերջ դրվեն տարաբնույթ խոսակցություններին»,– Sputnik Արմենիային այս մասին ասաց այգու հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանը։

Նշենք, որ այսօր Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել այգու նախկին և ներկայիս աշխատակիցները։

Նրանք պահանջում էին կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը` պնդելով, որ Խաչատրյանը այգին դիտարկում է որպես բիզնեսի աղբյուր։