Ի՞նչ պետք է անի գյուղացին ռիսկերից խուսափելու համար. պետությունը պատրաստ է օգնել

ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարը նշել է այն կարևոր հանգամանքները, որոնք պետք են լուրջ արդյունքի հասնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. 2019 թվականից Հայաստանում ներդրվելու է գյուղացիական ապահովագրության համակարգ, որը գնալով ընդլայնվելու է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով` գյուղատնտեսության ոլորտում սկսած բիզնեսը կարող է կարճ ժամանակում լուրջ արդյունք տալ. դրա համար պետք է կամք, գիտելիք և բնության բարիքների գրագետ օգտագործում։

Նախարարի պաշտոնակատարը գյուղացիներին կոչ արեց օգտվել նորարար տեխնոլոգիաներից, ինչը արտադրանքի աճի կհանգեցնի։

«Եթե ֆերմերը պատրաստ է ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել, ապա պետությունը պատրաստ է ներդրում անել»,– ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ ոլորտի խնդիրներից մեկը երիտասարդ կադրերի պակասն է։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` հայկական արտադրանքը մեծ ներուժ և պահանջարկ ունի։ Որպես օրինակ նշեց Չինաստանի հետ կնքած պայմանագիրը (գինի մատակարարելու մասին)։

Հիշեցնենք` հոկտեմբերի 18-ին ստորագրված փաստաթղթի համաձայն` առաջիկայում Չինաստան կարտահանվի մեկ միլիոն շիշ նռան գինի: