Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել. Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է Փաշինյանին

Անատոլի Գլազը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ «այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Ի՞նչ իրավունքով. Փաշինյանը հարցեր ունի Բելառուսի և Ղազախստանի նախագահներին

Երեկ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է պարզաբանում պահանջել Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյից ու Նուրսուլթան Նազարբաևից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի մասին հայտարարությունների համար։

«Երևի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի», - Sputnik Բելառուսը մեջբերում է Գլազի ասածը։

ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ «դա կարող է կիրառվել ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր»։

Գլազն ավելացրել է նաև․ «Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին. Մնացականյան

«Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը»,- լրագրողներին ասել էր Փաշինյանը:

Նա շեշտել էր, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես որոշվելու է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին։