Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ

ԱԺ խոսնակը մաղթել է, որ ուսանողներն իրենց գիտելիքները ծառայեցնեն Հայաստանի ու Արցախի հետագա զարգացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք: Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը: Ուստի, պիտի յուրացնեք ժամանակակից գիտության նվաճումները և նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման համար»,– նշված է ուղերձում:

Բաբլոյանը խոսքով` այսօր Հայաստանը շարունակում է կրթական համակարգի բարեփոխումները, կատարելագործում երիտասարդության խնդիրներին առնչվող օրենսդրական դաշտը։

Նիկոլ Փաշինյանը պետական կրթական մրցանակներ է հանձնել 25 ուսանողի և 18 աշակերտի

«Վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր գիտելիքների ու մասնագիտական կարողությունների լիարժեք դրսևորումն ապահովելու համար:

Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները և զարգացնելով դրանք` որպես մի հին, բայց նորացված արժեհամակարգ՝ փոխանցել է հաջորդ սերնդին: Վկան՝ հայ առաջին ուսանողները՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, հետո միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոնների՝ Գլաձորի ու Տաթևի համալսարանների սաները, ովքեր Հայաստանում տարածեցին հայ պատմիչների մատյանները, Անանիա Շիրակացու մաթեմատիկական գիտելիքներն ու Մխիթար Հերացու բժշկագիտական խորհուրդները»,– նշված է ԱԺ խոսնակի ուղերձում:

Ըստ Բաբլոյանի` ուսանողությունն է եղել բռնությունն ու ատելությունը մերժող ամենահզոր ուժը և ձևավորել է ա՛յն առաջադիմական գաղափարներն ու արժեքները, որոնց վրա են հիմնվում ազատ ու ժողովրդավարական հասարակությունները:

ԱԺ խոսնակը մաղթել է, որ ուսանողներն ուսումնառության ընթացքում լավագույնս օգտագործեն միջհամալսարանական կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, և այն ամենը, ինչը յուրացրել են համալսարանական լսարաններում, ուսանողները ծառայեցնեն Հայաստանի ու Արցախի հետագա զարգացմանը։