Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ

Նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։

Նշվել է, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։

Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում, նախագահները կարևորել են առկա ներուժի լիարժեք իրացումը։