Ամերիկացիները Երևանին, Թբիլիսիին ու Բաքվին «բացատրել» են Իրանի դեմ պատժամիջոցները

Պատվիրակության անդամները խոսել են Իրանի բացասական պահվածքը փոխելուն ուղղված ամերիկյան ջանքերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարության ու պետական դեպարտամենտի փորձագետների խումբն այցելել է Անդրկովկասի երկրներ, որտեղ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ն սխալ է գնահատում Իրանի դերը. Sputnik–ի հյուրն է Արտյոմ Տոնոյանը

Երևանում ու Բաքվում գտնվող ամերիկյան դեսպանատները երեկ երեկոյան հայտնել են, որ միջգերատեսչական խումբը եղել է Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը նշել է, որ պատվիրակության անդամները խոսել են «Իրանի բացասական պահվածքը տնտեսական ու դիվանագիտական ճնշման միջոցով փոխելու ամերիկյան ջանքերի մասին` միաժամանակ նախանշելով գործընկեր պետությունների հետ համագործակցելու ոլորտները»։

«Այս այցերի նպատակն է աշխարհի կառավարություններին պարզաբանել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունն ու  նպատակները», - նշվում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ԱՄՆ-ի նախագահն այս տարվա մայիսին հայտարարել էր, որ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի համաձայնագրից։ Նա ասել էր, որ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են, այսինքն` դրանք գործելու են նաև Իրանի հետ բիզնես վարող այլ երկրների նկատմամբ։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ

ԱՄՆ-ն օգոստոսի 7-ից կրկին սկսել է կիրառել Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը։ Վաշինգտոնը կոչ է արել զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը ու գնորդներին հորդորել էր հրաժարվել գնումներից։

Նավթի արտահանման վերաբերող լրացուցիչ պատժամիջոցներն ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին։ Միաժամանակ Վաշինգտոնը ժամանակավոր բացառություններ է տվել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին ու Թուրքիային։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը ՄԱԿ-ի նախարարական հանդիպման ժամանակ համատեղ հայտարարությամբ հայտնել էին, որ ԵՄ-ն ֆինանսական մեխանիզմ է ստեղծում Իրանի հետ հաշվարկներ անելու համար։