Սեյրանյանը դեկտեմբերին է ստանձնել միության նախագահի պաշտոնը և ասում է, որ դեռ ոտք չի դրել իր սենյակ։
«Որովհետև այնտեղ տարրական պայմաններ չկային։ Լրագրողների միությունն ուներ չգիտեմ որ դարաշրջանի մեկ համակարգիչ, որով ոչինչ հնարավոր չէր անել։ Աշխատելու որևէ պայման չկար»,– ասաց նա։
Սեյրանյանն ընդգծեց, որ խայտառակ վիճակում գտնվող միություն է ժառանգություն ստացել։ Բացի տարրական պայմանների բացակայությունից, պարզվել է նաև, որ միության անդամների հետ կապված անճշտություններ կան։
«Մենք սկսեցինք հերթով զանգել մարդկանց, որպեսզի հասկանանք` որքան անդամ ունենք, որովհետև միության անդամների թիվը տարբեր են ներկայացվել»,– ասաց նա։
Պարզել են, որ շատ դեպքերում այդ մարդիկ չկան` կա՛մ մահացել են, կա՛մ գնացել երկրից, իսկ կանոնադրության համաձայն` եթե միության անդամը տարիներ շարունակ անդամավճար չի մուծել, ապա զրկվում է անդամությունից։