Ի՞նչ իրավունքով. Փաշինյանը հարցեր ունի Բելառուսի և Ղազախստանի նախագահներին

ՌԴ նախագահի հետ զրույցում Փաշինյանը քննարկման թեմա է դարձրել Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպան հանդիպումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ, ՌԴ-ի հետ: Կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղըզստանի հետ, Տաջիկստանի հետ, որպեսզի մենք, ի վերջո, հասնենք փոխադարձ ըմբռնման»: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա շեշտել է, որ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում վեր է բարձրացրել այն փաստը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին. Մնացականյան

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից։

«Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը»,-հավելել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն, առայժմ, չկա:

«Շատ կարևոր է, որ ՀԱՊԿ շրջանակներում շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ, և մյուսներն ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ: Եվ, ընդհանրապես, կազմակերպության անդամ երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և կազմակերպության անդամ մյուս երկրների հանդեպ»,- ասել է Փաշինյանը: