Կրասնոդարի կրկեսում աղջկա վրա առյուծի հարձակումը. հայ տնօրենի դեմ հայց են ներկայացրել

Դատարանը կքննի դատախազի հայցը, որի համաձայն պահանջվում է 5 միլիոն ռուբլի` որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Դատախազը 5 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել կրկեսի տնօրենի դեմ Կրասնոդարի երկրամասի Ուսպենսկի շրջանում աղջկա վրա առյուծի հարձակումից հետո, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Կուբանի դատախազությունից։

«Կինս անընդհատ լալիս է». առյուծի հարձակումից հետո ողջ մնացած փոքրիկը կոմայի մեջ է

«Հայցը ներկայացրել է դատախազը։ Դատարանի կողմից քրեական գործը դիտարկելիս կքննվի նաև դատախազի հայցը, որը ներկայացվել է կրկեսի տնօրենի դեմ Քրեական դատավարության օրենսգրքի 44–րդ հոդվածով` 5 միլիոն ռուբլի տրամադրելու համար` որպես բարոյական վնասի փոխհատուցում, որը պատճառվել է տուժածին առյուծի հարձակման հետևանքով։ Դատախազը գործում է անչափահաս երեխայի շահերի պաշտպանությունից ելնելով», – բացատրել են դատախազությունից։

Հիշեցնենք` հոկտեմբերի 28–ին Կրասնոդարի երկրամասի Ուսպենսկոյե գյուղում առյուծը հարձակվել էր չորս տարեկան երեխայի վրա։

Աղջկան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։ Քսյուշային վիրահատել են, բայց բժիշկներն առայժմ կանխատեսումներ չեն անում։

Շապիտոյի տնօրենի` 51–ամյա Անդրեյ Մանուչարյանի դեմ հարուցվել է քրեական գործ` «Ծառայության տրամադրում, որը չի համապատասխանում սպառողների կյանքի և անվտանգության պահանջներին» հոդվածով։