ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Բիզնես Արմենիա» հիմնադրամն անդրադարձել է մամուլում հրապարակված այն լուրին, թե «կառավարությունն ազատվում է Կարեն Կարապետյանի «ժառանգությունից»»։
«Այսօրվա մամուլում հրապարակված մեկնաբանությունը, թե «կառավարությունն ազատվում է Կարապետյանի «ժառանգությունից»», չի բխում Բիզնես Արմենիա հիմնադրամի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, քանի որ հոգաբարձուների խորհուրդը շուրջ մեկ ամիս առաջ է հաստատել հիմնադրամի նոր կառուցվածքը և տեսլականը»,– նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։
«Բիզնես Արմենիա» հիմնադրամը հորդորում է զերծ մնալ կառույցը քաղաքականացնելու փորձերից, քանի որ դա չի նպաստի ներդրումների խթանման մեր երկրի օրակարգը։
«Իրականությանը չի համապատասխանում նաև «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «տեղեկությունը», թե «Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը, ի դեպ, տևական ժամանակ է՝ անվանափոխվել է Բիզնես Արմենիայի, ստեղծվել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից»»,– նշել են հիմնադրամից։
Հայտարարության մեջ նշված է, որ իրականում «Բիզնես Արմենիան» (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Հիմնադրամը ժամանակին ստեղծվել է նմանատիպ առաքելությամբ գործող 3 այլ կառույցների օպտիմալացման արդյունքում։
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հիշեցրել էր նաև, որ Նիկոլ Փաշինյանը մի առիթով խոսել էր նման կառույցների անարդյունավետ աշխատանքի մասին` ասելով, որ կառավարությունը գնալու է այդ հիմնադրամները փակելու ճանապարհով։
Նշենք, որ «Բիզնես Արմենիայի» տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել։