Հայաստանը զենքի վերաբերյալ առաջարկ չի ստացել ԱՄՆ–ից. Մնացականյան

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը խոսել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլտոնի հայտարարության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը զենքի վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել ԱՄՆ–ից։ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը այս մասին ասել է ТАСС-ին` անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությանը` կապված ամերիկյան զենքի հետ:

Լրագրողը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը, որ եթե ԱՄՆ կառավարությունը շահավետ առաջարկ ներկայացնի, հայկական կողմը կդիտարկի այդ հնարավորությունը, և հետաքրքրվել` ի՞նչ է դա` քաղաքական հայտարարությո՞ւն, թե՞ արդեն սկսվել է ամերիկյան զենք ձեռք բերելու ինչ-որ գործընթաց:

«Ոչ մի առաջակ Հայաստանը չի ստացել: Բացի դրանից, մեր երկիրը շատ զգայուն տարածաշրջանում է, որտեղ կա չկարգավորված հակամարտություն, և խաղաղության ու կայունության, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտի ձեռքբերումը շատ կարևոր հարցեր են: Սպառազինությունների մրցավազքն այդ պայմաններում ծայրահեղ վտանգավոր երևույթ է»,- ասել է Մնացականյանը:

Նա հավելել է նաև, որ երբ Հայաստանը դժգոհություն է հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ՝ շեշտում է, որ «չի կարող վերաբերվել դրան որպես զուտ գործարքի, այլ ընկալում է որպես զենք, որը խլում է հայրենակիցների կյանքը՝ զինվորների, քաղաքացիական բնակչության»:

«Ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին առնչվում է մարդկանց, խոսքը 150.000 մարդու ֆիզիկական անվտանգության մասին է: Եվ մենք արել և անելու ենք ամեն հնարավորը նրանց էքզիստենցիալ անվտանգության պատշաճ ապահովման համար: Բնականաբար ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մեր մարտունակությունն ու որպես այդ մարդկանց երաշխավոր գործելու վճռականությունը: Միևնույն ժամանակ, Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա:

Հիշեցնենք` Բոլտոնն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն իրենց զենքի մեծ մասը գնում են Ռուսաստանից։ Նա նշել էր, որ «ամերիկյան զենքը ռուսականից լավն է»։