ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մտահոգել են Երևանում ԼԳԲՏ համաժողովի չկայացման պատճառները

Կլեման Նյալեցոսի Վուլեն իր մտահոգությունները հայտնել է ՀՀ իշխանություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին մտահոգել են այն հանգամանքները, որոնց պատճառով Երևանում չի կայացել ԼԳԲՏ համաժողովը։ Նա այս մտահոգությունն այսօր արտահայտել է Երևանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի. Օսիպյան

«Ինձ մտահոգեց, որ այդ ֆորումը չեղյալ է հայտարարվել՝ մասնակիցների անվտանգությունից ելնելով։ Այս հարցը նաև բարձրացրել եմ ՀՀ իշխանությունների հետ հանդիպմանը: Կոչ եմ անում քայլեր ձեռնարկել՝ նման իրավիճակներից խուսափելու համար, որովհետև, եթե կազմակերպությունը չի կարողանում իր միջոցառումն իրականացնել բարենպաստ պայմաններում, ապա պետությունը պարտավոր է ապահովել մասնակիցների անվտանգությունը»,-համոզմունք է հայտնել պաշտոնյան և ընդգծել, որ ՀՀ Կառավարությունը պարբերաբար հանդես է գալիս ազատ խոսքի կոչերով:

Ոչ միայն սա, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մտահոգել է նաև տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ-ում սահմանափակվում են սեռական եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ների հնարավորություններն ու իրավունքները: «Որոշ պահանջներ ՀԿ-ներին ավելի ծանր վիճակում են դնում, քան գործարարներին: Կարևոր է, որ գործնականում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցները կարողանան  օգտվել պետական միջոցներից»,-նշել է նա:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հայտարարել է, որ ՀՀ-ն ունի պարտավորություն ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի ՀԿ-ները գործեն առանց միջամտության: