Երևանում 20 տարեկան կնոջ սպանության գործով կալանավորել են ամուսնուն

Շտապօգնության բժիշկն ասել է, որ 30 տարեկան ամուսինը ծեծել է կնոջը։ Ավելի ուժ երիտասարդ աղջիկը մահացել է հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Նա կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանում ամուսինը դաժանաբար ծեծել է 20-ամյա կնոջը. վերջինը մահացել է հիվանդանոցում

Հիշեցնենք ` 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժողի մահվան):

Դեպքի կապակցությամբ ցուցմունք է տվել 20–ամյա կնոջ ամուսինը (ծնված 1988 թվականին): Քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 30-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: