ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին. Մնացականյան

Նախարարի պաշտոնակատարը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցում է 6 իրավահավասար պետություն, որոնք որոշումները կոնսենսուսի միջոցով են կայացնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա, և դրա համար մենք ունենք լավ կադրային ներուժ»։ Խոսելով դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

ՌԴ–ում ՀՀ դեսպանը նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդրի լուծման 3 տարբերակ

Զրույցի սկզբում լրագրողը հիշեցրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, համաձայն որի «ՀԱՊԿ անդամ մի շարք պետությունների ղեկավարների կարծիքով՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսի ներկայացուցչին»:

«Եթե հետևեք, թե ամբողջ ընթացքում ինչ է պնդել Հայաստանը, ապա կհանգենք նրան, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և դրա համար մենք ունենք լավ կադրային ներուժ»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Միևնույն ժամանակ նախարարի պաշտոնակատարը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցում է վեց իրավահավասար պետություն, որոնք որոշումները կոնսենսուսի միջոցով են կայացնում:

Հիշեցնենք, որ Մարտի 1–ի գործով Հայաստանում հարուցված քրեական գործի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հեռացվել էր պաշտոնից: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշումը կայացվելու է ավելի ուշ՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: