ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ասոցիացիայի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները:
Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրու հին շինությունների վերականգնման հնարավորությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին ու ուղղություններին:
Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան, որը հիմնվել է 1946 թվականին, ընդգրկում է շուրջ 20 հազար մասնավոր ընկերություն, որոնք մասնագիտացած են բնակելի, կոմերցիոն և արդյունաբերական շինությունների, ենթակառուցվածքների զարգացման, ռեստավրացիոն աշխատանքների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: Ասոցիացիան գործում է 92 երկրներում: