Հանդիպում Մայրապետյանի հետ. ինչի մասին են խոսել օմբուդսմենն ու կալանավորված գործարարը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորման վերաբերյալ բացատրություն է պահանջել իրավապահ մարմիններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Օմբուդսմենի գրասենյակը ուշադիր հետևում է գործարար Սամվել Մայրապետյանի քրեական գործի շուրջ ստեղծված իրավիճակին։

Մայրապետյանին չեն ազատի. դատախազությունը պատասխանել է լրատվամիջոցների ղեկավարներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ գրասենյակը նախաձեռնել է հարցի քննարկումը` հաշվի առնելով հասարակության շրջանում առաջացած աղմուկը և Մայրապետյանի կալանավորման հետ կապված մտահոգությունները։

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերին Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու միջնորդության համար (ՀՀ ՔՕ 38-311 հոդված)։ Համարվում է, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկն է։

Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատերն է, ինչպես նաև Երևանի կենտրոնում զբաղվում է էլիտար անշարժ գույքի շինարարությամբ։

Մայրապետյանի կալանավորումից անմիջապես հետո նրան այցելել են օմբուդսմենի ներկայացուցիչներն ու բժիշկը։ Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ մեղադրյալի հետ է հանդիպել նաև Թաթոյանը։

«Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մենք գրավոր պարզաբանումներ ենք պահանջել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է», – ասաց նա։

Նա նշեց, որ առաջադրված հարցերը վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակին, Հ2 հեռուստաընկերության գործունեությանը։ Թաթոյանին ներկայացված բողոքի համաձայն` Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքն ուղղակիորեն ազդում է նաև լրատվամիջոցի գործունեության վրա։ Իրավապահ կառույցներից դեռ պատասխան չկա, Թաթոյանը խոստանում է հետևել դեպքերի զարգացմանը։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ների ղեկավարներ նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և կոչ արել փոխել Մայրապետյանի խափանման միջոցը ։ Նրանք մասնավորապես նշել էին, որ գործարարի գույքի և ֆինանսական միջոցների վրա կալանք դնելը կարող է հեռուստաընկերության փակման հանգեցնել ։