Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվեց

1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակված Վաչագան Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել է Վճռաբեկ դատարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու որոշումը»,- ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք նաև, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք 218.000 եվրոյի չհայտարարագրմանը: