Հնագետները Եգիպտոսում ավելի քան 3 հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման են գտել

Երիտասարդ կնոջը թաղել են հղիության վերջին ամսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ամերիկա–իտալական հնագիտական առաքելությունը Եգիպտոսի Կոմ Օմբո քաղաքում հղի կնոջ գերեզման է գտել։ Գիտնականները ենթադրում են, որ նա ապրել է մեր թվարկությունից առաջ 1750 և 1550 թվականների արանքում։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի հին հուշարձաններով զբաղվող նախարարությունը։

Հայ հնագետները պատրաստ են ապացուցել, որ գիտնականները մեկ դար շարունակ սխալվել են

Գերեզմանը հայտնաբերվել է այն գերեզմանատան հատվածում, որտեղ ավելի քան երեք հազար տարի առաջ թաղել են Եգիպտոս եկած քոչվորներին։ Կինը մահվան պահին մոտ 25 տարեկան է եղել։ Նրան թաղել են հղիության վերջին ամսում։

Ենթադրվում է, որ մահվան պատճառը եղել է կոնքոսկրերի վնասվածքի սխալ բուժումը։

Գերեզմանում հնագետները հայտնաբերել են զամբյուղներ, կավե տարաներ, նաև անմշակ մարգարիտ, ինչը, ըստ գիտնականների, վկայում է, որ կինը զարդեր է պատրաստել։