«Չի՛ վաճառվում». պնդում է տնօրենը. ո՞վ է վնասում սեփականատիրոջը

Սամվել Բալասանյանին պատկանող «Անուշարանը» չի վաճառվում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Որոշ լրատվամիջոցների կողմից վերջերս հրապարակված լուրը, իբրև Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող և Գյումրիում գործող «Անուշարան»  հրուշակեղենի ֆաբրիկան, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին Sputnik Արմենիային վստահեցրեց «Անուշարանի» տնօրեն Յուրի Նազարյանը:

Գյումրու քաղաքապետը գործարանը չի վաճառում. քաղաքապետարանը հերքում է լուրը

«Նման բան չկա, դա  սուտ  տեղեկություն է, որը չի համապատասխանում իրականությանը: Ֆաբրիկան հենց այս պահին էլ աշխատում է»,-նշեց տնօրենը փաստելով, որ չի կարող է ասել, թե որտեղից է շրջանառվում այդ ինֆորմացիան, բայց այդ՝ ոչ ճիշտ ինֆորմացիայի պատճառով տնտեսական վնաս են կրում:

«Դրանից առաջ  էլ գրեցին, թե  գործարանը  փակվել է, սրանով միայն  վարկաբեկում են: Անիմաստ, անկապ լուրեր են: Նույն տեմպով աշխատում ենք, ինչ  տեմպով աշխատել ենք ու ոչ մի բան չի փոխվել, իսկ այդ հրապարակումների արդյունքում տուժում են առևտուրն  ու գնորդները, որոնք չեն հավատում, որ խանութներում եղած ապրանքը «Անուշարան» արտադրանքն է: Դրա համար այն չի վաճառվում և հետ է վերադարձվում ֆաբրիկա»,-նշեց պատասխանատուն:

Հավելենք, որ ըստ մամուլում տեղ գտած տեղեկության Բալասանյանը հրուշակեղենի ֆաբրիկան վաճառում է 800 հազար դոլարին համարժեք դրամով: