Բելառուսին նոր սկանդալ է սպառնում բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու գործով

ՄԻԵԴ նոր ապացույցներ են ուղարկվել, որոնք կապացուցեն բլոգերին արտահանձնելու մեջ Մինսկի կանոնները խախտելու մեղքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ևս մեկ ապացույց է ստացել Բելառուսի իշխանությունների կողմից իրեն Ադրբեջանին հանձնելու անօրինականության մասին։ Մանրամասները նա պատմեց Sputnik Արմենիային։

Անցած շաբաթ ֆեյսբուքյան մի օգտատեր գրել է Լապշինին և ներկայացել որպես դատախազ Մաքսիմ Գրիգորև (նա ներկայացրել է Բաքվի շահերը Լապշինին Բելառուսից Ադրբեջանին արտահանձնելու գործընթացում)։ Ներողություն խնդրելով` նա ուղարկել է Լապշինին շատ կարևոր փաստաթղթի «սքրինշոթը»` նրա փաստաբանների հայտարարության լրացուցիչ պաշտպանության մասին, որը ներկայացվել է 03.02.2017թ–ին։

Բլոգերը Sputnik Արմենիային հայտնեց` խոսքն այն օրենքի մասին է, որը թույլ է տալիս քաղաքական համոզմունքների համար հետապնդվող մարդկանց ռասայական և ազգային հատկանիշներով ապաստան խնդրել Բելառուսում։

«Փաստաբաններս խնդրել են Մինսկում իմ ձերբակալության ժամանակ և մինչ Բաքվին հանձնելը չարտահանձնել ինձ Ադրբեջանին հենց այդ օրենքի հիման վրա։ Նրանք բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացրել, որոնք ցույց են տվել` Ադրբեջանը հետապնդում է մարդկանց քաղաքական համոզմունքների համար, Ադրբեջանի իշխանություններն առնչություն ունեն Բաքվի և Սումգայիթի հայ բնակչության ցեղասպանության հետ, որ Բաքվում ինձ վտանգ է սպառնում և այլն։ Դա կարող էր կանխել ինձ Ադրբեջանին հանձնելը», – ասաց Լապշինը։

Միաժամանակ նա նշում է, որ բելառուսական Պետական անվտանգության կոմիտեն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Բելառուսական իշխանությունները դիմումն ընդունել են, բայց այնուհետև (08.02.2017) հայտարարել են, որ բլոգերը ոչինչ չի ներկայացրել։

Նրա խոսքով` այդ սքրինն արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Ժնևում ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնաժողով։

«Մենք երկու տեղն էլ բողոք ենք ներկայացրել Ադրբեջանի և Բելառուսի դեմ։ Եվ դա արդեն միայն սքրինը չէ։ Մինսկում գտնվող մարդը ընկերներիս փոխանցել է այդ և այլ փաստաթղթեր, որոնք կապված են ինձ Ադրբեջանին հանձնելու հետ։ Հիմա այդ փաստաթղթերը տարվել են Մոսկվա և օրերս դրանք կբերեն Իսրայել», – նշեց Լապշինը։

ՄԻԵԴ–ն ընդունել է Լապշինի բողոքը և հիմնավորված համարել` չնայած Ադրբեջանի բողոքին։

Բլոգերի խոսքով` Ադրբեջանն արդեն ստացել է բողոքը և ժամանակ ունի առարկություն ներկայացնելու համար։ Դրանից հետո կսկսվի գործի քննումը։

«Փաստաբանները կարծում են, որ Բաքուն Մինսկի հետ դատավարական և մարտավարական մի քանի սխալներ է թույլ տվել, ինչը գրեթե երաշխավորում է, որ նրանք մեղավոր կճանաչվեն մահափորձի և արտահանձնման կանոնները խախտելու մեջ», – ասաց Լապշինը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։