ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությամբ՝ փաստելով, որ դրանց արդար անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը։
«Մենք 3-րդ հանրապետության պատմության ամենաորակյալ ընտրություններն անցկացնելու խնդիր ենք դրել»,- ասաց Փաշինյանը։
Նա հրահագնեց բացառել ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը, հատկապես հանրակրթական ոլորտի ներգրավվածությունը քարոզարշավին ու ընտրություններին։
Փաշինյանը խոսեց նաև «ասողների» ինստիտուտի բացառման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ նախորդ ընտրություններում կային մարդիկ, որոնք ասում էին, թե ում պետք է ընտրել։
«Պետք է բացառվի անգամ մեկ քվեաթերթիկի՝ սխալ տրցակում տեղադրվելը»,- ասաց Փաշինյանը։
Նա հրահանգեց վերահսկել բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովումը, այդ թվում՝ դահլիճների հավասար տրամադրումը, բացառել ընտրողների «միգրացիան» մի ընտրատեղամասից մյուսը։
Խոսքն ավարտելով` վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ խախտում թույլ տվողներն արժանանալու են համարժեք պատժի։