Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքը մասնակի բավարարվեց

Վճռաբեկ դատարանի որոշումը չի բավարարում Քոչարյանի փաստաբաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Վճռաբեկ դատարանն այսօր` նոյեմբերի 15-ին, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը բավարարեց մասնակի, իսկ պաշտպանների բողոքը մերժեց։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին ասաց, որ որոշումն իրենց չի բավարարում, բայց հույս ունեն, որ Վերաքննիչ դատարանն այս անգամ հաշվի կառնի իրենց ներկայացրած փաստարկները, որոնք նախորդ անգամ հաշվի չեն առնվել։

«Մեր բողոքի իմաստն այն էր, որ վերաքննիչ դատարանը չի անդրադարձել մեր մի շարք փաստարկներին, հիմա, երբ գործը գնաց Վերաքննիչ դատարան, կարծում եմ` մենք կհասնենք նրան, որ կվերանայվեն մեր փաստարկները», – ասաց նա։

Մեղադրանքում, ըստ Ալումյանի, կա ձևակերպում, որ Քոչարյանն արտակարգ դրություն է հայտարարել ՀՀ Սահմանադրության խախտմամբ, մինչդեռ իրենք պնդում են, որ ՀՀ նախագահի հրամանագրի սահմանադրականության հարցը բացառապես ՍԴ–ի որոշելիք հարցն է։

Ինչ վերաբերում է ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագրին, Քոչարյանի փաստաբանը նշեց, որ այս հարցում ևս կան հակափաստարկներ։

«Կան դատավճիռներ, որտեղ նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ եղել են զինված։ Կան կոնկրետ անուններ, զենքի տեսակներ, փաստեր։ Մենք ասում ենք, որ չի կարող մեղադրանքն իր ձևակերպումներով հակասել օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին։ Նախքան այդպիսի ձևակերպումներ տալը պետք էր այդ դատավճիռները վերանայեր»,– ասաց Ալումյանը։

Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չբացառեց, որ Վճռաբեկ ատյանի որոշումն ունենալուց հետ կդիմեն արդեն Եվրոպական դատարան։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները։

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ Այս որոշումը բողոքարկել էր թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը: Վերջիններս համարում էին, որ Քոչարյանին ազատ արձակելու համար այլ հիմքեր ևս կան: