Կառավարությունը դարձյալ բացում է դռները

Որոշ դեպքերում, ՀՀ վարչապետի որոշմամբ, նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 Նոյեմբեր — Sputnik. Կառավարության նիստերն օրենքով նորից կդառնան դռնբաց։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկն այսօր ընդունվեց կառավարության նիստում ու կներկայացվի ԱԺ։

Հարությունյան. «Նախարարները լրագրողների հարցերին կպատասխանեն դռնփակ նիստերից հետո»

Նախագծի ընդունման դեպքում նիստերն այսուհետ օրենքով կանցկացվեն դռնբաց։ Միայն որոշ դեպքերում, ՀՀ վարչապետի որոշմամբ, նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին կառավարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ նոր օրենքով, 2018թ.–ի ապրիլի 9-ից նիստերն անցկացնում էր դռնփակ: Հեղափոխությունից հետո ՀՀ նոր կառավարությունը որոշեց չեղարկել այս դրույթը, և որոշ ժամանակ ՀՀ կառավարության նիստերը շարունակվեցին դռնբաց ռեժիմով։ Սակայն ս.թ. օգոստոսի 9–ի կառավարության նիստում կրկին որոշվեց արգելել լրագրողների մուտքը նիստերի դահլիճ։