ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. «Գազպրոմ Արմենիան» աշխատում է հարկային օրենսդրությանը համապատասխան։ Այս հայտարարությունն այսօր արեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 14–ին ՊԵԿ-ի տարածված հաղորդագրությանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները։
Թադևոսյանն հիշեցրեց, որ իրենք խոշոր հարկատու են, և մշտապես իրենց գործունեությունը ծավալել են հարկային օրենսդրությանը համապատասխան, ինչի արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստացել են օրինապահ հարկ վճարողի հավաստագիր:
««Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները ռուսական «Գազպրոմից» լրացուցիչ 7.5 միլիարդ դրամ աշխատավարձ են ստանում»,–նշեց նա։
«Գազպրոմ Արմենիայի» ղեկավարը ՊԵԿ մեղադրանքը անհիմն է համարում, քանի որ ձմռանը կորուստներն ավելի բարձր են, քան ամռանը: «Դա ոչ միայն 2018թ.-ին է այդպես եղել, այլև՝ մյուս տարիներին: Եթե ուսումնասիրել են 2016, 2017, 2018թթ., ապա տեսել են, որ այդ տարիներին ևս ձմռան ամիսներին կորուտսներն ավելի շատ են: Դրա համար կան մի շարք պատճառներ կան: Հայաստանում 14 հազար արդյունաբերական ու կոմունալ սպառողների հաշվիչները համալրված են էլեկտրոնային ճշտիչներով: Նրանք գազը և՛ ձմռանը, և՛ ամռանը չափում են իրական ցուցիչներով:
Սրա վրա միլիարդների հաշվարկներ կատարելը կոռեկտ չէ: Այդ տարիների համար հունվար-սեպտեմբեր ամիսներին աճողական բնական գազի կորուտսների չափը համադրելի է»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:
««Գազպրոմ Արմենիայի» տնօրենը կարծում է, որ նման իրավիճակը պահանջում էր երկկողմանի քննարկում:
«Մենք տարեկան 40 միլիարդ դրամի վճարումներ ենք կատարում։ Բարի համբավն արատավորելու միտում կա: Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ այսպես, ինչո՞ւ այս հիմքերով: Ռուսական մամուլում էլ եղան լուրեր, մենք բանակցում էինք ռուսական բանկերից մեկի հետ, որից ստացանք ահազանգ։ Բանակցությունները և գործարքը ավարտին մոտ էր, իսկ հիմա այդ ամենը դրվում է կասկածի տակ: Առաջին հարկատուն, խոշոր ներդրողն այսպիսի վիճակում է հայտնվել, ինչպե՞ս պետք է շարունակենք աշխատանքը ներդրողի հետ: Եզրակացությունները թողնում եմ բոլորիդ»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:
Ի դեպ, ասուլիսին հրավիրված էին նաև ՊԵԿ համապատասխան աշխատակիցները, որոնք սակայն չեն եկել: