«Հարավկովկասյան երկաթուղին» որոշել է բարեփոխել աշխատողներին պարգևատրելու համակարգը

Երկաթուղին խոստանում է բարձրացնել աշխատավարձերը և վերանայել պարգևատրումների կարգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերության ղեկավարության և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նոյեմբերի 5-7-ը երկաթուղում ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքում ժամանակավորապես դադարեցվել էր գնացքների երթևեկությունը:

Կառավարությունն այս պահին ՀԿԷ–ի հետ կնքած պայմանագրի վերանայման պատճառ չի տեսնում

Ինչպես հայտնում են ՀԿԵ–ից, ընկերության ղեկավարը նշել է, որ դրա պատճառը շարքային երկաթուղայինների անտեղյակությունն ու պարգևատրումների հաշվարկի վերաբերյալ ղեկավարների ու կոլեկտիվի շարքային անդամների միջև արդյունավետ երկխոսության բացակայությունն է եղել։

Տնօրենը հայտնել է, որ 2018 թվականի 9 ամիսների աշխատավարձային ֆոնդն ավելացել է 11,9%ով` 610 մլն դրամով:

Միաժամանակ վերափոխվում է պարգևատրման կարգը, ու թեև այդ գործընթացը կլինի բավականին երկարատև ու աշխատատար, բայց թույլ կտա նվազեցնել որոշ ամիսների արտադրական արդյունքների ազդեցությունը երկաթուղայինների աշխատավարձի ընդհանուր մակարդակի վրա:

Հիշեցնենք` ըստ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները նոյեմբերի 5-7–ը Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում ու Երևանում գործադուլ էին հայտարարել։ Նրանք մամուլին հայտնել էին, որ ղեկավարությունը ստացել է մեծ պարգևավճարներ, իսկ իրենց զրկել դրանցից։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: