«Գազպրոմ Արմենիայում» հայտնաբերված խախտումները կարող էին ազդել գազի սակագնի վրա. Անանյան

ՊԵԿ նախագահը խոսեց «Գազպրոմ Արմենիայում» հայտնաբերված խախտումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հարկային ստուգումների ընթացքում հարկային աշխատակիցները «Գազպրոմ Արմենիայում» որոշակի տեղեկություններ են բացահայտել, որոնք ներկայացվել են Հատուկ քննչական ծառայություն։ Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՊԵԿ–ի երեկվա հաղորդագրությունը «Գազպրոմ Արմենիայի» վերաբերյալ, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

ՊԵԿ-ը խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր է բացահայտել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում

«Որոշակի գործողություններ, որոշակի վարքագծի, որոշակի գործարքների, կապիտալ շինարարության կամ հիմնական միջոցների, կորուստների հետ կապված տեղեկություններում հայտնաբերվել են այնպիսիք, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել այդ վարքագծին քրեաիրավական գնահատական տալու»,– ասաց Անանյանը։

Նա նաև հայտնեց, որ ՊԵԿ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ արդեն հարուցվել է քրեական գործ, բայց հիշեցրեց, որ քրեական գործը դեռ դատավճիռ չէ։

Ինչ վերաբերում է հայտնաբերված խախտումներին, Անանյանը հրաժարվեց բացահայտել դրանք`նախաքննական գաղտնիքի հիմնավորմամբ։

Հարցին, թե որքանով են այս չարաշահումներն ազդել սակագնի վրա, Անանյանը դժվարացավ պատասխանել։ «Կարող են առնչվել, բայց այդպիսի շեշտադրում այս պահին չանենք, որովհետև այդպիսի նպատակադրումներ այս պահին չկան»,– ասաց նա։

Անանյանը նաև հիշեցրեց, որ ավելի վաղ ՊԵԿ–ն ուսումնասիրություններ էր իրականացրել նաև գազալցակայաններում, որի արդյունքում հարուցվել են նաև քրեական գործեր, և չբացառեց, որ դրանք ևս որոշակիորեն կարող են առնչվել «Գազպրոմ Արմենիայում» հայտնաբերված նոր խախտումներին։

Հիշեցնենք` երեկ ՊԵԿ–ը հայտարարել էր, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գազաբաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի:

Մեր շահույթը հաշվելիս դուք մոռանում եք կարևորի մասին. «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն

Միաժամանակ, կատարված համեմատական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին 2018 թվականի առաջին հինգ ամիսների համեմատությամբ ավելացել են շեշտակի՝ մոտ 37 տոկոսով, որի դրսևորումները նույնպիսի համամասնությամբ միաժամանակ արձանագրվել են նաև ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից սպառվող բնական գազի սպառման ծավալներում:

Ավելի ուշ ՊԵԿ–ի հայտարարությանն արձագանքեց նաև «Գազպրոմ Արմենիան»։ Ընկերությունը հայտարարեց, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում, այնուհետև 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստուգման տևողությունը երկարաձգվել է 30 աշխատանքային օրով: Իսկ նոյեմբերի 14-ին, առանց ընկերության հետ քննարկելու կամ ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկություն։