Բացահայտվել է 34–ամյա տղամարդու սպանությունը. մեկ մարդ կալանավորվել է

Ենթադրյալ հանցագործություն կատարածը Երևանի բնակիչ է` ծնված 1982 թվականին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. 34–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա անձի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ 2018թ. նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝  կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է:

Դանակահարություն. միջին տարիքի տղամարդը մահացել է

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ` շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ է` ծնված 1982 թվականին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։