ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Չի կարելի հեռացող խորհրդարանին շնորհակալություն չհայտնել մեծ պատասխանատվության ու քաղաքական կամքի համար։ Այս մասին այսօր կառավարական ժամի ընթացքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով խոսնակ Արա Բաբլոյանի հարցին։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ փոփոխությունները ոչ միայն ժողովրդական շարժման վաստակն են։ Նա ընդգծեց, որ իշխանափոխությունը երկու կողմերի վաստակն է։
«Այսօր և նախկինում էլ շատերը աննախադեպ են համարում այն փոփոխությունները, որը տեղի ունեցավ ՀՀ-ում և այդ փոփոխությունների թավշյա բնույթը ամենևին էլ փոփոխություններում ներգրաված մի կողմի վաստակը և ձեռքբերումը չէ: Մենք ի վիճակի եղանք պրոցեսները տեղափոխել ԱԺ եւ այդ պրոցեսներին տալ քաղաքական լուծում: Փաշինյանն ասաց, որ ուզում է իր գնահատանքը տալ ԱԺ բոլոր պատգամավորների, ԱԺ նախագահի վերաբերյալ: Կարծում եմ՝ սա մի առաքելություն է, որը պատմության մեջ դեռ կգնահատվի», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Հիշեցնենք` դեկտեմբերի սկզբին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
Հեռացող խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը ամենամեծ խմբակցությունն ունի։ Չնայած քաղաքական իրավիճակի փոփոխությանը` այն պատրաստվում է առաջադրվել ընտրություններին` անվանելով իրենց ծայրահեղ, բայց կառուցողական ընդդիմություն։