Վահագն Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, բայց կայուն. արտիստի ընկեր

Արտիստի ընկերն ասաց, որ նրան այլ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ որոշել են չեղարկել նախկինում նշանակված վիրահատությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել վթարից հետո, կայուն ծանր վիճակում է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց նրա ընկերը` դիզայներ Գեղամ Շերոյանը։

Ի՞նչ վիճակում է Վահագն Մարգարյանը. սարսափելի վթարից հետո անհնարինն է արվում նրա համար

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ է եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` հարվածը եղել է հենց Վահագնի կողմից։

Մարգարյանին ուրիշ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ Շերոյանի խոսքով, ավելի ապահով է, բժիշկներն ավելի պրոֆեսիոնալ են ու ժամանակակից բժշկական սարքավորում կա։ Ավելին, կրկնակի ախտորոշումը ցույց է տվել, որ արտիստի գլխի հեմատոման ավելի փոքր է, քան ասում էին առաջին հիվանդանոցում։

«Մենք վիրահատության էինք պատրաստվում, բայց կրկնակի ախտորոշումից հետո որոշվեց, որ դրա անհրաժեշտությունը  չկա», – ընդգծեց նա։

Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։