ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն արդեն զգացել է իր հանդեպ ավելացող ուշադրությունը, հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից։ Sputnik Արմենիայի թղթակցին նա խոստովանել է, որ չի հասցնում պատասխանել սոցցանցերում ստացվող հաղորդագրություններին, քանի որ դրանք չափազանց շատ են։
Սիմոնը կարդացել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Facebook–ում, ինչը ոգևորել է նրան, սակայն նա դեռ անձնական զրույց չի ունեցել գործադիրի ղեկավարի հետ։ Երիտասարդ մարզիկը վստահ է, որ նրա յուրաքանչյուր հաղթանակը հպարտանալու առիթ է ոչ միայն իր ու իր ընտանիքի և անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանի, այլև ողջ հայության համար։
Չեմպիոնին հանդիսավոր կերպով դիմավորել են իր հարազատ Հայկաշենում։ Գյուղի սկզբում հավաքվել էին բոլոր բնակիչներն ու գառ էին մատաղ արել։
«Ես արդեն օլիմպիական արծաթե մեդալ նվաճել եմ (2016 թվականին Ռիոյում), հիմա ուզում եմ օլիմպիական չեմպիոն դառնալ», –ասաց Սիմոնը։
Չեմպիոնի մարզիչ Աշոտ Փիլոսյանը վստահեցրել է, որ իր սաների միջև տարբերություն չի դնում, սակայն նա առաջին իսկ օրվանից նկատել է Սիմոնի տաղանդը։ Մարտիրոսյանին ծանրամարտի խմբակ բերել էր Փիլոսյանի մեկ այլ սան` Արշակը, որը նկատել էր ընկերոջ մեծ ներուժը։
«Սիմոնը 12 տարեկան էր ու միանգամից 50 կիլոգրամ բարձրացրեց։ Նա դա արեց այնքան հանգիստ ու վարպետորեն, որ հասկացա` յուրահատուկ է», – նշեց մարզիչն` ընդգծելով, որ Սիմոնը լավ փոխարինող կարող է դառնալ կյանքից հեռացած Յուրի Վարդանյանին։
Փիլոսյանն իր սաների հետ դժվար պայմաններում է պարապում։ Սրահը գտնվում է կիսաքանդ շենքում, որտեղ ջուր է հոսում ու սարսափելի ցուրտ է։ Ներսում երեխաներն են մարզվում, որի պատերը գրեթե քանդված են ու շատ փոշոտ։ Մարզիչը խոստովանում է, որ լուսամուտները վերջերս են փոխել, երկու օդորակիչ են տեղադրել, բայց դրանք իրենց չեն արդարացնում, ձմռանը միշտ ցուրտ է։ Սակայն անգամ այս իրավիճակն իր սաների համար խոչընդոտ չէ, նրանք տարբեր մրցումների ժամանակ մեդալներ են նվաճում։
Սիմոնի օրինակը ոգեշնչել է Փիլոսյանի բոլոր սաներին։ Միլենա Խաչատրյանը, որը Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մրցանակակիր է, բացառություն չէ։ Նա հույս ունի, որ իրենց մարզվելու պայմանները շուտով կբարելավվեն։ Բայց նույնիսկ եթե դա տեղի չունենա, նա մտադիր չէ հետ կանգնել ու նույնպես ուզում է օլիմպիական ոսկի ստանալ։