«Իմ քայլը» ներկայացրել է հեղափոխական ցուցակ. լրագրողներ, նախկին ՀՀԿ պատգամավորներ

«Իմ քայլը» դաշինքն առաջինը եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նախընտրական ցուցակից մանրամասներ է ներկայացրել ՔՊ մամուլի խոսնակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. «Իմ քայլը» դաշինքը քիչ առաջ ԿԸՀ է ներկայացրել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթերն ու նախընտրական ցուցակը, որտեղ ներկայացված են 183 թեկնածու։ Ինչպես ԿԸՀ–ում լրագրողներին ասաց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, ցուցակը հասարակական լայն ընդգրկվածություն ունի։ Դրանում ՔՊ և «Առաքելություն» կուսակցությունների քաղաքական թիմերի անդամներն են, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ ու հանրային դեմքեր։

ՔՊ ցուցակում նախկին ՀՀԿ–ականներ կան. ովքե՞ր են նրանք. «Հրապարակ»

«Ցուցակը ձևավորվել է կուսակցության ներսում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորված սկզբունքներով»,– ասաց Կոստանյանը` հավելելով, որ նախընտրական ցուցակը համապատասխանում է բարիկադները քանդելու ժամանակների կոչին։

Անդրադառնալով դրանում նախկին ՀՀԿ–ականների ներգրավվածությանը` Կոստանյանն ասաց, որ խոսքը, թերևս, պատգամավոր Շիրակ Թորոսյանի ու ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի մասին է ու հիշեցրեց, որ նրանք ՀՀԿ անդամներ չեն ու հիմա էլ ցուցակում ներգրավվել են որպես անկուսակցականներ։

«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակն ինչպես արդեն հայտնել ենք, հետևյալն է.

Փաշինյան Նիկոլ Վովայի – Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (ՔՊԿ),

Միրզոյան Արարատ Սամվելի – ՔՊԿ,

Նազարյան Լենա Ռաֆայելի – ՔՊԿ,

Ավինյան Տիգրան Արմենի – ՔՊԿ,

Հարությունյան Արայիկ Էդուարդի – ՔՊԿ,

Սիմոնյան Ալեն Ռոբերտի – ՔՊԿ,

Միքայելյան Սասուն Մեխակի – ՔՊԿ,

Մակունց Լիլիթ Կամոյի – ՔՊԿ,

Պապիկյան Սուրեն Ռաֆիկի – ՔՊԿ,

Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ։

Ցուցակում կան նաև մի քանի լրագրողներ` «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, Հանրային կապերի մասնագետ Անուշ Բեղլոյանը, Հանրային հեռուստաընկերության Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը և ուրիշներ։

Լրագրողների լայն ներկայացվածությունը ցուցակում խոսնակ Վահան Կոստանյանը տրամաբանական է համարում, քանի որ քաղաքական պրոցեսների լուսաբանմամբ երկար տարիներ զբաղված մարդիկ, ովքեր հասկանում են քաղաքականությունից, ըստ նրա, ցանկանում են նաև մասնակցել այդ գործընթացներին։