ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. 2018թ.–ի հոկտեմբերի 1–ից սկսված և առ այսօր փաստացի ընթացքի մեջ գտնվող համալիր հարկային ստուգումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել: Այս մասին նշված է «Գազպրոմ Արմենիայի» տարածած տեղեկության հերքման տեքստում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտված՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ:
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում: Այնուհետև, 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստուգման տևողությունը երկարաձգվել է 30 անընդմեջ աշխատանքային օրով: Առանց ընկերության հետ քննարկելու կամ ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն»,–ասված է հաղորդագրության մեջ:
‹‹Գազպրոմ Արմենիան›› հիշեցրել է, որ տարիներ շարունակ լինելով ՀՀ առաջին խոշոր հարկ վճարողը մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան՝ դրա արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստանալով «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրեր:
«ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված ‹‹համեմատական հետազոտությունները›› կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների: ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել ընկերության ձեռք բերած գործարար համբավը և ձախողել ընկերության բնականոն գործունեությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Վերջում ընկերությունը տեղեկացնում է, որ ողջունելով ՊԵԿ–ի հրապարակային գործելաոճը`«Գազպրոմ Արմենիան» նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին հրավիրում է մամուլի ասուլիս: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հրավիրում է նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին նշված ասուլիսին ներկա գտնվելու և իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար: