ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Վարդենիսի («Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ) և Նուբարաշենի («Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ) հոգեբուժարանների պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու փաստերով հարուցվել են քրեական գործեր։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա քրեական գործ էր հարուցվել`հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման փաստերով։