ՔՊ ցուցակում նախկին ՀՀԿ–ականներ կան. ովքե՞ր են նրանք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը պարզել է, թե ովքեր են ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն նախընտրական ցուցակը դեռ ամբողջությամբ չի հրապարակվել, սակայն «Հրապարակ» թերթը տեղեկացել է, որ այդ ցուցակում կան այնպիսի մարդիկ, որոնք ակտիվ դերակատարություն են ունեցել նախկին ընտրություններում։

Բաղդասարյան. «Ճիշտ չէր լինի, եթե ՀՀԿ–ն չմասնակցեր ընտրություններին»

«Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել ևս՝ «տասովշչիկներ», մենք տեղեկացանք, որ Սյունիքից կառաջադրվի նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանի մտերիմներից է, գործարար, որը նաև Գորիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ «ՔՊ»-ի ռեյտինգային ցուցակով 5-րդ ընտրատարածքում` Արարատի մարզում, կառաջադրվի նաև Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, ով եղել է նախկին ՀՀԿ-ական, մոտ 10 տարի՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի օգնական-խորհրդականը, սկսած 2001-ից և 2012-15թթ․-ին»,– գրում է թերթը։

Պարբերականը նշում է, որ այս անձինք բոլոր ընտրություններում եղել են ՀՀԿ տարածքային շտաբների ակտիվ դերակատարներ։

Հիշեցնենք` ՔՊ–ն երեկ` նոյեմբերի 13-ին, հրապարակել էր նախընտրական ցուցակի առաջին տասնյակը։ Ցուցակը գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Երկրորդը փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, երրորդը` Լենա Նազարյանը։ Նրան հաջորդում են Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Լիլիթ Մակունցը, Սուրեն Պապիկյանն ու Զառա Բաթոյանը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։