ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Եվրոպական միությունը, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունները պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին։ Այս մասին համաձայնագիրն այսօր կնքվեց ՀՀ կառավարությունում Հայաստանում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և ԵՄ դեսպանի ու ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի միջև։
«ԵՄ և ՄԱԶԾ աջակցության ծրագիրը հավաստիացնում է, որ հայաստանցիները կունենան պաշտպանված քվե, հայաստանցիների քվեն չի գողացվի»,– ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին` հավելելով, որ այս ընտրությունները Հայաստանում կարող են օրինակելի դառնալ ոչ միայն մեր երկրի, այլև շատ այլ երկրների համար
«Ես վստահ եմ, որ դուք հպարտ կլինեք այն ամենով, ինչ տեղի կունենա դեկտեմբերին ու դրանից հետ»,– ասաց նա։
Պատասխանելով լրագրողների հարցերին` Սվիտալսկին անդրադարձավ ԱԺ ներկայացված ու չընդունված Ընտրական նոր օրենսգրքի նախագծին։ Նա նշեց, որ Վենետիկի հանձրաժողովն այն չափազանց բարձր էր գնահատել, ուստի և ափսոսանք հայտնեց, որ նախագիծը չընդունվեց։
«Բայց մենք վստահ ենք, որ ՀՀ–ում կա քաղաքական կամք, որպեսզի հավելյալ ջանքեր ներդրվեն ընտրություններից հետո ԸՕ–ն բարեփոխելու և միջազգային համայնքի առաջարկած բարեփոխումները ներմուծելու համար»,– ասաց ԵՄ դեսպանը։
Ծրագիրը ֆինանսավորում են ՀՀ կառավարությունը, ԵՄ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունն ու Շվեդիան՝ համապատասխանաբար 0,7 միլիոն դոլար, 1,5 միլիոն եվրո, 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ և 1,5 միլիոն շվեդական կրոն դրամական օժանդակությամբ: