Նախարարությունը դժգոհ է բնությանը հասցրած վնասների փոխհատուցումից

Բնապահպանական վճարները համարժեք չեն բնությանը հասցված վնասի իրական չափերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Մինչ օրս բնապահպանությունը հիմնվել է վնասի փոխհատուցման սկզբունքի վրա, այսուհետ սկզբունքը լինելու է կանխարգելումը։ Այսօր` նոյեմբերի 14-ին, ԱԺ–ի ամբիոնից ներկայացնելով 2019թ–ի բյուջեի նախագծով նախատեսված բնապահպանական ծրագրերը` այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։

Բնապահպանության նախարարը խոսեց ՀԷԿ–երում գրանցված խախտումների մասին

«Մեր ամենախոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններից մեկը, որը տասնյակ միլիոնավոր խորանարդ մետրերով մաքուր, բարձրորակ ջուր է օգտագործում իր պրոցեսների համար, դրա համար վճարում է շատ փոքր` մի քանի տասնյակ դոլարի վճար։ Եվ դրանով փակում է բնապահպանության հետ կապված իր գործունեությունը»,– ասաց Գրիգորյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` բնապահպանական վճարներն իրականում համարժեք չեն բնությանը հասցված վնասի իրական չափերին։ Օրինակ, նրա խոսքով, ծծմբի երկօքսիդի կիրառման 1 տոննայի վճարը ՀՀ–ում 1800 դրամ է։ Իսկ փորձաքննություններն իրականում ավելի շատ դագանակի դեր են կատարել փոքր ու միջին ձեռնարկություններին ճնշելու համար։

Ըստ նախարարի պաշտոնակատարի` բնապահպանական փորձաքննությունն իրականացնում է 150 000 դրամ աշխատավարձ ստացող 4-5 փորձագետներից բաղկացած խումբը։

Կառավարությունն էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու մեխանիզմ է առաջարկում

«Բնապահպանական վճարը պետք է ուղղված լինի խոշոր ձեռնարկությունների, խոշոր ռեսուրսներ օգտագործողների վրա,– ասաց նա,– Հայաստանում բնապահպանական վճար վճարողների 90%-ը վճարում է մոտ 100 հազար դրամ վճար, իսկ ավելի քան 20 տոկոսը` 100-ից էլ պակաս` մոտ 70-80 հազար»։

Գրիգորյանը խոստացավ հաջորդ տարի փոխել իրավիճակն ու ներկայացված վիճակագրությունը` առանց մանրամասնելու, թե ինչպես է դա արվելու։

Կլիմայի փոփոխության շրջանակներում էլ ՀՀ հաջորդ տարվանից բնապահպանության նախարարությունը կսկսի անտառապատման զանգվածային ծրագրի իրականացումը, որի համար հաջորդ տարվա բյուջեով 425 մլն դրամ է տրամադրված։

Անդրադառնալով արդեն իսկ հատված անտառներին` նախարարի պաշտոնակատարն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հատումներից ամենաշատը տուժած «Դիլիջան» ազգային պարկում հատումները դադարեցված են։