Տուշոնկայով հարստացած գեներալներին դպրոցներում չեն գովերգի. նախարարությունը փողը կտրում է

Դպրոցներում գործող որոշ ռազմահայրենասիրական խմբակները փակվելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Դպրոցներում այլևս չեն լինելու խմբակներ, որոնց տրվելու են 100 միլիոնավոր դրամներ, որտեղ գովերգվում են տուշոնկայով հարստացած նախկին զինվորականները։ Այսօր` նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հայագիտական ու ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրերի մասին հարցին։

«Միլիարդավոր դրամներ են տրվում հայագիտությանը, բայց արդյունքը քիչ է, և մենք պետք է պարզենք՝ ի՞նչ հիմնադրամների են գնում այդ գումարները, ի՞նչ անօրակ կենտրոնների, պարբերականների են տրվում դրանք»,– ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարը կոչ արեց չշահարկել տարբեր խմբակների ֆինանսավորումը կտրելու հարցը, քանի որ այդ գումարներն ուղղվելու են այլ ծրագրերի` ՀՀ քաղաքացի դաստիարակելու նպատակով։

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի խնդրին` Հարությունյանը հայտնեց, որ դրանք բարձրանալու են հաջորդ տարվա բյուջեով նախատեսված «Ուսուցիչ» ծրագրով վերապատրաստվելու արդյունքում։

Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Պատանի երկրապահ» ակումբներին ամեն տարի կառավարության պահուստային գումարներից շուրջ 130 միլիոն դրամ է հատկացվել։

Հանրակրթական դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբներ են բացվել 2015թ–ին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ), Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված հուշագրի հիման վրա: