Վրաստանի նախկին վարչապետի որդու պսակադրությունը. Իվանիշվիլին փակել է գլխավոր եկեղեցի՞ն

Աշխարհի ամենահարուստ վրացիներից մեկի որդին` Բերա Իվանիշվիլին, ամուսնացել է մոդելի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու որդու` Բերայի ու մոդել Նանուկա Գուդավաձեի պսակադրության արարողությունը կայացել է այս կիրակի Սվետիցխովելի տաճարում։ Վրացական ԶԼՄ–ները գրել են, որ լրագրողները չեն կարողացել մտնել տաճար, սակայն հաջորդ օրը Սվետիցխովելիի ադմինիստրացիան հայտարարություն է տարածել։

«Թեոդոր (Բերա) Իվանիշվիլու ու Նանա Գուդավաձեի պսակադրությունից հետո սխալ տեղեկություն էր տարածվել, որ իբր թե դրա պատճառով Սվետիցխովելից հանել էին եկեղեցու այցելուներին։ Դա իրականությանը չի համապատասխանում», – նշված է եկեղեցու ֆեյսբուքյան էջում։

Sputnik Գրուզիան հայտնում է, որ 23–ամյա Բերայի ու Նանուկայի պսակադրությունից առաջ օրհնել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։

Պսակադրության արարողությունն անցկացվել է ավանդական վրացական ոճով։ Սկզբում խորանին է մոտեցել Բերան` սպիտակ չոխայով (վրացական ազգային հագուստ)։ 20 րոպե անց տաճարի մուտքի մոտ կանգնել շքեղ մեքենան, որից դուրս է եկել հարսը` Նանուկան` սպիտակ զգեստով և հարսանեկան ծաղկեփնջով։ Նրան Բերայի մոտ է ուղեկեցել հայրը։

Երգիչը հրապարակել է պսակադրության արաողության լուսանկարը և գրել. «Այր ու կին»։ Ավելի վաղ երիտասարդները միասին նկարահանվել էին Բերայի «Ժամանակի մեքենա» տեսահոլովակում։

Բերան բազում երգերի հեղինակ է ու կատարող։ Նա համերգներ չի տալիս, բայց իր երգերը տարածում է համացանցում։

Նրա տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ ունեն։ 2010 թվականին երաժիշտը ստեղծել է ձայնագրման ստուդիան։