Էլեկտրոնային եղանակով կկարողանա քվեարկել ՀՀ 729 քաղաքացի

ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Նիստի ընթացքում Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով:

Ընտրական ծուղակ. նոր ԱԺ–ի «որակը» հարցականի տակ է

Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով են քվեարկում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում:

ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի: