ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում քաղաքական ուժերը շփոթության մեջ են։ Այդ մասին վկայում է այն հանգամանքը, որ դրանցից շատերը դեռ չեն կողմնորոշվել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում, իսկ մի քանիսն ընդհանրապես դուրս են մնացել մրցավազքից։
Մասնավորապես, մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, դրա ավանդական ուղեկից Ստեփան Դեմիրճյանի «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը», Վազգեն Մանուկյանի «Ազգային ժողովրդավարական միությունը», Արամ Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»։
Առայժմ պաշտոնապես ոչ ոք չի հրաժարվել, բայց, դատելով տրամադրություններից, մրցավազքից կարող է դուրս մնալ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը։ Կուսակցության կառավարման փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ավելի վաղ բացատրել է հնարավոր հրաժարվելը նրանով, որ գործող Ընտրական օրենսգիրքը, որը ենթադրում է ընտրությունների վարկանիշային համակարգ, «սպանում է քաղաքական մրցակցությունը»։
Բոլոր վերոհիշյալ կուսակցություններն անցյալում, այսպես թե այնպես, եղել են ազդեցիկ խաղացողներ, նրանցից գրեթե յուրաքանչյուրն «աստղային ժամ» ուներ։
Բայց հիմա, ինչպես նորաձև է ասել, «երկրում իրավիճակ է փոխվել», և երբեմնի ուժեղ գործիչներն ինչ–ինչ պատճառներով չեն կարող ներգրավվել այդ նոր իրադրության մեջ։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով` վերջին 6-7 ամիսներին երկրում իրադարձություններն այնքան սրընթաց և անկանխատեսելի են զարգացել, որ քաղաքական ուժերի մի մասն ուղղակի չի կարողացել սեղմ ժամկետում հարմարվել նոր իրողություններին և ինչ–որ մարտավարություն ու ռազմավարություն մշակել։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Բաղդասարյանը ենթադրեց, որ հետագայում քաղաքական համակարգը կարող է վերափոխվել, և նշված ուժերի մի մասն իր տեղը կգտնի նոր դասավորությունում։
«Ես հասկանում եմ այդ ուժերի դրդապատճառը, բայց բացասաբար եմ գնահատում մասնակցությունից հրաժարվելը։ Ոչ մի կուսակցություն չպետք է վախենար ցածր արդյունքներից։ Պետք էր մասնակցել` իրենց հնարավորությունները, ռեսուրսները հասկանալու համար», – ասաց Բաղդասարյանը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ՀԱԿ–ի և մյուս կուսակցությունների չմասնակցելը բացատրում է նրանց անմրցունակությամբ։
«Շատ կուսակցություններ, իրենց համար հասկանալով իրավիճակի անհնարինությունը, որոշել են հրաժարվել մրցավազքից։ Տվյալ դեպքում Ընտրական օրենսգիրքը որպես նրանց անգործության արդարացում է ծառայում», – ասաց նա Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Մենք հետաքրքրվեցինք փորձագետից, թե պայմանավորված չէ արդյոք Տեր–Պետրոսյանի որոշումը ՀԱԿ–ի և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» միջև հայեցակարգային նմանությամբ, հաջորդականությամբ։ Բադալյանի կարծիքով` Փաշինյանը թեև եղել է Տեր–Պետրոսյանի համախոհը, այնուամենայնիվ, նա վաղուց հեռու է մնում առաջին նախագահից և նրա քաղաքական ուժից։ Նրանց ուղիները բաժանվել են դեռ ՀԱԿ ցուցակով Փաշինյանի պատգամավոր եղած ժամանակ։ Հիմա դրանք բացարձակ տարբեր ուժեր են։
«Ուղղակի մի դեպքում մենք գործ ունենք մի մարդու բարձր վարկանիշի հետ, որը հավանաբար նրան և իր ուժին խլացուցիչ հաջողություն կապահովի ընտրություններում, մյուս դեպքում` ըմբռնելի քաղաքական օրակարգի և բովանդակության բացակայության։ ՀԱԿ–ը տվյալ պահին ասելու բան չունի ընտրողին։ Ասվածը վերաբերում է նաև Հայաստանի ժողովրդական կուսակցությանը, որը վաղուց դադարել է որպես այդպիսին կուսակցություն լինելուց», – նշեց Բադալյանը։
Երկու փորձագետներն էլ չեն բացառում, որ ներկա ընտրությունների աութսայդերները հետագայում կարող են դրսևորել իրենց, եթե «ռեբրենդինգ» անեն և համապատասխանեն հասարակության պահանջներին։
Իսկ Բաղդասարյանը կարծում է, որ գործող իշխանությունների իրական ընդդիմությունը կարող է ծնվել խորհրդարանի պատերից դուրս։