«Դա մեզ համար սկզբունքային խնդիր է». Փաշինյանը` Վերին Լարսի մասին

Կառավարությունն աշխատում է Վերին Լարսի այլընտրանք ունենալու համար, բայց բանակցային կողմ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն աշխատում է Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհ ունենալու խնդրի ուղղությամբ: Այսօր Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Դա մեզ համար սկզբունքային խնդիր է, բայց այդ պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: Այդ պրոցեսի բանակցային կողմ են Վրաստանը, ՌԴ-ն և շվեյցարական ընկերությունը , որը միջնորդի դեր է կատարում: Մենք մեր վրացի և ռուս գործընկերների հետ անընդհատ շփումների մեջ ենք: Անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչն անընդհատ պրոցեսի մեջ է, բայց էլի եմ ասում` մենք պրոցեսի բանակցային կողմ չենք»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ կառավարության համար առաջնահերթ են ճանապարհաշինության ծրագրերը:

Հյուսիս-հարավ ավտոճանապարհն ընթացքի մեջ է: Այստեղ հիմնականում շինարարությանն է զարկ տրվել, քանի որ ասֆալտապատման ու երեսպատման որակի հետ կապված խնդիրներ կան, որոնք, Փաշինյանի խոսքով, ՀՀ նոր իշխանությունը փորձում է լուծել:

Փաշինյանը միաժամանակ իր խոսքում կարևորեց ՀԿԵ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` որպես ավտոտրանսպորտի այլընտրանք: Այդ ուղղությամբ, նրա խոսքով, կառավարությունն աշխատում է երկաթուղում ղեկավարության հետ: