«Տերևաթափ» Վանաձորում. ոստիկանները բերման են ենթարկել քրեական անցյալով հարուստ 10 անձի

Բերման ենթարկվածների մեջ է նաև օրենքով գող, «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան՝ «Կոկսը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Լոռու մարզի ոստիկանները «Նավակ» ռեստորանի մոտ իրականացրել են «Տերևաթափ Վանաձորում» օպերացիան և բերման են ենթարկել քրեական անցյալով հարուստ 10 անձի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 12-ին։

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին Երևանում բերման են ենթարկել

Ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով հանցագործ աշխարհում «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է՝ «Կոկս» մականվամբ, Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Դավիթ Խուբլարյանը, Օշական գյուղի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ավագյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Օհանյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հովասափյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սեյրան Մինասյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 27-ամյա Կարեն Սաֆարյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Ղազարյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Հակոբյանը և Վեդի քաղաքի բնակիչ, 25-ամյա Մաքսիմ Խաչատրյանը:

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք բոլորը նախկինում եղել են մի քանի անգամ դատապարտված և բերման են ենթարկվել թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և ձեռք բերելու կասկածանքով:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: