Անհատ տաքսիստները կազատվեն հարկերից. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2019թ-ի բյուջեում տաքսիստներին վերաբերող փոփոխությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում անհատ տաքսիստները կազատվեն արտոնագրային վճարներից: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ եթե մարդն անհատ տաքսիստ է, նա ոչ մի վճարում անելու պարտավորություն չունի և կարող է աշխատել առանց լիցենզիայի»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` փորձագիտական մակարդակով Հայաստանում այսօր այդ գործունեության մեջ 50 000 մարդ է ներգրավված:

Փաշինյանն ասաց, որ թիվը հստակ չէ, քանի որ, որքան էլ տարօրինակ է, անհատ տաքսիստների հստակ հաշվառում մեր երկրում չկա:

Տաքսի ծառայություններին այս արտոնությունը չի վերաբերի:

Հիշեցնենք`գործող օրենքով Երևանում լիցենզավորված տաքսիստներն ամսական վճարում են 12 000, մարզերում` 8000 դրամ:

Փաշինյանի մեկնաբանությամբ` նրանց այս վճարներից ազատելը կնշանակի, որ նույն չափով կավելանան նրանց ամսական աշխատավարձերը: Այս դիտողությամբ վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց այն քննադատություններին, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում աշխատավարձերի բարձրացում տեղի չունեցավ: