Ոչ թե իներցիա, այլ ռեգրես. ՀՀԿ-ն` «Փաշինյանի բյուջեի» մասին

ՀՀԿ–ական պատգամավորը հիշեցրեք, թե տնտեսական աճը որքան է կազմել նախորդ տարի, երբ Հայաստանի ղեկին դեռ Փաշինյանը չէր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Չեմ կարծում, թե որևէ մեկը կպնդի, որ մենք ունենք հեղափոխական կամ իներցիոն բյուջե: Այսօր` նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթում ՀՀ 2019թ-ի բյուջեի նախագծին տրված գնահատականին` այս մասին ասաց ՀՀԿ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` հիշեցնելով, որ 2017թ-ին Հայաստանում տնտեսական աճը եղել է 7.5 %,որն ամենաբարձրն է տարածաշրջանում և ԵԱՏՄ-ում, 2018-ին նախատեսվում է 6.5%, իսկ 2019թ-ի բյուջեով` 4.9%:

«Ակնհայտ է, որ մենք ունենք ռեգրես»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում, խոսելով 2019 թվականի բյուջեի նախագծի մասին, հայտարարեց, որ այս բյուջեի նախագիծը իներցիոն բյուջե է և հիմնված այն պարամետրերի վրա, որը ստացել են որպես ժառանգություն:

Մինասյանի խոսքով` 1.3 տոկոս բյուջեի ավելացումը չի կարող համարվել ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարի հեղափոխական ցուցանիշ:

Նա միաժամանակ նշեց, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը որոշել է դրական եզրակացություն տալ 2019թ-ի բյուջեի նախագծին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող ԱԺ-ն ավարտում է իր աշխատանքը: