Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճե՞լ են Աստանայում. պարզաբանում է Միրզոյանը

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանը պահպանում է իր ամուր դիրքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունան գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը կարծում է, որ սխալ է այն պնդումը, թե Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո Հայաստանը զիջել է դիրքերը ՀԱՊԿ–ում։

Նա նշեց, որ գնահատելով կազմակերպությունում Հայաստանի դերակատարությունն ու արդյունավետությունը` պետք է մի շարք գործոններ հաշվի առնել։ Տասնյակ հարցեր ու ուղղություններ կան, որոնց վերլուծությունը, նրա կարծիքով, թույլ է տալիս պնդել, որ Երևանի դիրքերն ամուր են։

Միրզոյանը հրաժարվեց մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ թեժ խոսակցության և վեճի մասին լուրերը, սակայն նշեց. «Չեմ կարող ասել: Եղել է քննարկում, կարծիքների փոխանակում, կարծիքների բախում: Բոլորը տարբեր շահեր են ներկայացնում, իսկ ո՞վ ասաց, որ ամեն հարցում միակարծիք պետք է լինեն», – ասաց Միրզոյանը։

Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներ այցելել։