Իրանական գազի էժան առաջարկ չի եղել. Բաղրամյան

Հայաստանն իրանական կառավարության հետ քննարկել է գազ գնելու տարբերակը, բայց համոզվել, որ ռուսականը 10 դոլարով էժան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Իրանն ավելի թանկ գնով է գազ առաջարկում Հայաստանին, քան Ռուսաստանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նա հայտնեց, որ հայկական կողմն իրանական կառավարության հետ քննարկել է այդ երկրից գազ գնելու տարբերակը, բայց էժան առաջարկ չի եղել:

«Շուրջ 10 դոլարով ավելի թանկ է եղել, քան ռուսականը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ բանակցել է ոչ թե ինքը, այլ նախորդ նախարարները։

Եվ, այդուհանդերձ, Իրանը Հայաստանի համար դիտարկվում է որպես երկրորդ սնուցման աղբյուր։

«Այսինքն՝ մենք այսօր ունենք երկկողմանի գազի մատակարարում, և երբ վթար է լինում ռուսական գազատարի վրա, մենք իրանական կողմից, ըստ, պայմանավորվածության՝ մեծացնում ենք ստացման ծավալները»,- ասաց Բաղրամյանը։

Հայաստանի գազի «անսքող» գինը. ինչի՞ շուրջ են Ռուսաստանի հետ բանակցությունները

Իրանի ու Հայաստանի միջև գազի վերաբերյալ պայմանավորվածությունն այսօր գումարային չէ։ Դրա դիմաց Հայաստանը վճարում է էլեկտրականությամբ։

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ Իրան-Հայաստան «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի վրա ամերիկյան պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն ունենա։

«Ամերիկյան կառավարությունը տեղյակ է, որ մենք իրականացնում ենք գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք, այդ պատժամիջոցները նախկինում էլ են եղել: Եվ մենք միշտ հիմնավորել ենք, որ քանի որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այդ փոխանակումը մեր համար կենսական նշանակություն ունի»,- ասաց նախարարը։

ԱԺ-ի` գազի սակագնի նվազեցման հարցով ստեղծված հանձնաժողովը շարունակում է աշխատանքը։ Այսօրվա հերթական նիստին ներկա էր նաև նախարարի պաշտոնակատարը։

Մեր շահույթը հաշվելիս դուք մոռանում եք կարևորի մասին. «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն

Հայաստանն Իրանից գազ է ստանում խողովակաշարով սահմանից մինչև Արարատ քաղաք։

Այդ գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար Հայաստանն Իրանին տալիս է երեքական կիլովատ ժամ էլեկտրականություն, որն արտադրվում է երկու ջերմային կայաններում` Երևան ՋԷԿ և «Հրազդան 5» ՋԷԿ։

Ներկա պահին Հայաստանի կառավարությունը 2018թ–ից հետո հետ գազի գնի մասին բանակցություններ է անցկացնում ռուս գործընկերների հետ։