Աղաբեկյանին դուր չի եկել Տոնոյանի ասածը. Հայաստանին պե՞տք է բազմաֆունցիոնալ օդուժ

Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ Հայաստանի ռազմական թատերաբեմը կործանիչ ավիացիայի կարիք չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Մեր ռազմական թատերաբեմում կործանիչ ավիացիան անելիք չունի։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը:

«Այսօր լսեցի Պաշտպանության նախարարի խոսքը, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ռազմական կործանիչ ավիացիա։ Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս, մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում»,– ավելացրել է նա` նշելով, որ այս կարծիքին է նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը։

Նրա գրառմանը հաջորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը։

«Բազմաֆունցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ ԶՈւ-երի նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ, սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա…Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

ԶԼՄ–ներն ավելի վաղ տեղեկություն էին տարածել, թե Հայաստանը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչներ ձեռք բերելու հարցը։ Մինչ այդ ռուսական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Երևանը շահագրգռված է ռուսական СУ-30СМ գնելու հարցում։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ կայացած ասուլիսի ժամանակ ասել էր, որ շվեդական կործանիչների վերաբերյալ ոչ մի որոշում կայացված չէ։ Նա կոչ էր արել չկենտրոնանալ ինչ–որ ենթադրության վրա, քանի որ Հայաստանը դիտարկում է բոլոր առաջարկությունները, ու որոշումները կայացվում են կախված զենքի որակի, գնի ու մատակարարման ժամկետներից։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հասկացրել էր, որ ընտրությունն արդեն արվել է։ Թե ում օգտին, նա չէր պարզաբանել, միայն ասել էր, որ ֆինանսական ու տեխնիկական հարցեր են լուծվում։