«Մխիթարյանին հարցրեք». լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը` հավաքականի խաղի մասին

Հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականն առայժմ չի կարողանում հետևություններ անել իր խաղերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը «Մատչ ՏՎ»–ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքականի խաղը։

Հովհաննիսյանը կարծում է, որ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին պետք է հարցնել, թե ինչպես կարելի էր պարտվել Ջիբրալթարի հավաքականին։

Հայաստանի հավաքականը Ջիբրալթարի կիսապրոֆեսիոնալ թիմի հետ խաղացել էր հոկտեմբերի 13–ին և պարտվել։

«Դուք նրանց թիմը տեսե՞լ եք։ Մենք ձեզ հետ կարող ենք հաղթել նրանց։ Մեր հավաքականը վերջին շրջանում արագ գոլ խփելու մարտավարություն ունի։ Իսկ Ջիբրալթարին, համաձայն եմ, դժվար է արագ գոլ խփել։ Ուստի պետք է հետևություններ անել, ուրիշ պլան ունենալ։ Հիմա պարտության են մատնել Մակեդոնիային։ Ամեն ինչ նորմալ է, լավ է, չէ՞։ Բայց հաջորդ խաղին դուրս կգան առանց հետևություններ անելու», – ասել է Հովհաննիսյանը։

«Հավատո՞ւմ է արդյոք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին» հարցին ի պատասխան ֆուտբոլիստն ասել է, որ դա պետք է անի ոչ թե ինքը, այլ ֆեդերացիան. ղեկավարությունը նոր է փոխվել է, պետք է սպասել ու տեսնել արդյունքները։

«Առայժմ ինձ դուր չի գալիս, թե ինչպես են ընթանում գործերը։ Ոչ մի փոփոխություն։ Ամեն ինչ նույնն է մնացել», – ասել է Հովհաննիսյանը` նշելով, որ հին ղեկավարությունը նույնպես իր սրտով չէր։

Հայաստանի հավաքականն ՈՒԵՖԱ–ի Ազգերի լիգայում խմբում խաղում է Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Չորս հանդիպումներից հետո Հայաստանն առայժմ ունի վեց միավոր։ Խմբից դուրս գալը տեսականորեն հնարավոր է։