Վոլգոգրադցին վաճառում է Վազգեն I–ի տերողորմյան

Վոլգոգրադի բնակիչը բյուրեղապակյա տերողորմյան 10 միլիոն ռուբլով վաճառքի է դրել անվճար հայտարարությունների կայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Վոլգոգրադցին, որն ակնհայտորեն զուրկ չէ հումորի զգացումից, որոշել է գումար վաստակել «հայկական թալիսմանի» վաճառքի միջոցով։ Այս մասին հայտնում է «Վոլգոգրադսկայա պրավդա» պարբերականը։

Ալեքսանդր 10 միլիոն ռուբլով (150 հազար դոլար) վաճառում է մի տեորողորմյա, որն իբր եղել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I–ինը։

Տղամարդը նշել է, որ դա բացառիկ, ձեռագործ համրիչ է։

«Ապրանքը վերադարձի տարբերակ չունի և սակարկելի չէ», – գրել է նա։

Կասկած է հարուցում այն հանգամանքը, որ թանկարժեք տերողորմյայից բացի, նա վաճառում է 18 քարթրիջ, ձեռքերը լվանալու փրփուր (լիտրը` 250 ռուբլով) և որսորդական համազգեստ (4,7 հազար ռուբլի)։

Ավելի վաղ համացանցում նմանատիպ հայտարարություն էր տարածվել, բայց այն ժամանակ սակարկելու հնարավորություն կար, վաճառողն էլ պնդում էր, որ տերողորմյան նվեր է ստացել անձամբ Վազգեն I-ից, որովհետև հասցրել է ժամանակին բռնել քարը, որը նրա վրա նետել են չարագործները։

Վազգեն Առաջինը Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն է եղել 1955-1994թթ–ին։