Երևանում փնտրում են միկրոավտոբուսում գողություն կատարած անձին. տեսանյութ

Ավելի քան երկու ամիս է անցել, որ գողություն կատարած անձին առայժմ չեն կարողանում գտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանում մի քանի ամիս առաջ կատարված գողությունը բացահայտելու համար ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել` խնդրելով տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ քննչական մարմին։

ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն` գողությունը կատարվել է այս տարվա սեպտեմբերի 1-ին։ Քաղաքացին հայտնել է, որ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող միկրոավտոբուսներից մեկի մեջ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առերևույթ գաղտնի հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտ և այլ իրեր: Այնուհետ, ըստ հաղորդման, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Բագրատունյաց փողոցում տեղադրված բանկոմատներից մեկից իր բանկային քարտից կատարել է 15 հազար դրամի կանխիկացում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։